Լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն

Տպել

Լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն

lapaԼրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնի հիմնական նպատակներն ու խնդիրները


Լրացուցիչ և շարունակական կրթությունը գիտելիքի արագ փոփոխվող աշխարհում կազմում է մասնագիտական կրթության անբաժանելի մաս՝ ընդգրկելով կրթական պահանջմունքների այն հատվածը, որը պայմանավորված է հիմնական մասնագիտական կոմպետենցիաների դրսևորմանն ու զարգացմանը նպաստող լրացուցիչ կոմպետենցիաների ձևավորման անհրաժեշտությամբ։ Հայտնի է, որ գլոբալիզացիայի պայմաններում շուկայում հատկապես մեծ է ընդհանրական կոմպետենցիաների պահանջարկը, որոնք մեծ մասամբ առնչվում են համամարդկային արժեքների, միջանձնային ունակությունների, միջմշակութային հաղորդակցության հմտությունների հետ։ Միևնույն ժամանակ, այդպիսի կարողությունների զարգացումը հիմնական կրթական ծրագրի շրջանակներում միշտ չէ, որ նպատակահարմար է, քանի որ, մի կողմից, սահմանափակում է բուն առարկայական (մասնագիտական) կոմպետենցիաների զարգացման հնարավորությունը, ուսումնական բեռնվածության զգալի ծավալ տանելով մասնագիտական ծրագրից, իսկ մյուս կողմից՝ բավարար հնարավորություններ չի ձևավորում բուն իսկ ընդհանրական կոմպետենցիաների ողջ սպեկտրը ծրագրում ընդգրկելու համար։ Եվս մեկ կարևոր հանգամանք. հիմնական կրթական ծրագրի կառուցվածքը սահմանափակ հնարավորություններ ունի տարաժամկետ դասընթացների կազմակերպման համար՝ հաշվի առնելով ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախանշվող ուսումնական գործողությունների հստակ ժամկետները, մինչդեռ լրացուցիչ կրթության համակարգում հիմնական այս կամ այն կրթական ծրագրում ընդգրկված ուսանողները կարող են ձեռք բերել անհատական հետաքրքրություններով և կարիքներով կամ հիմնական կրթական ծրագրի պահանջներով պայմանավորված կոմպետենցիաները առավել հարմար ժամկետներում։

Լրացուցիչ կրթության համակարգը ձեռք է բերում ևս մեկ կարևոր գործառույթ՝ հնարավորություններ ընձեռելով ոչ միայն հիմնական կրթական ծրագրին հավելված լրացական դասընթացներ առաջարկելու, այլ նաև՝ կրթական ինքնուրույն հատույթ հանդիսանալով, նպատակային կերպով սպասարկել հասարակության՝ ֆորմալ կրթության համակարգում չընդգրկված հատվածի կրթական կարիքները՝ կազմելով շարունակական, կամ հարատև կրթության (Life Long Learning) կարևորագույն բաղադրատարրերից մեկը։
Այդ գործառույթով են պայմանավորված նաև դասավանդող կազմի մասնագիտական կոմպետենցիաների զարգացման հնարավորությունները։ Մասնագիտական զարգացման և վերապատրաստման տարաժամկետ ծրագրերի իրականացումը շարունակական կրթության կարևորագույն սեգմենտներից մեկն է հանդիսանում։

ԵՊԼՀ լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն

Թումանյան 42
538 164 # 225
091/ 309 428
laguagecentre@brusov.am
Facebook - Lingvo Centre